Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
Գարուն ա
Ամեն անգամ երբ հնչում է «Գարուն ա» երգը, ինչ-որ բան սրտում շարժվում է. կարծես մեղեդին ոչ միայն երգ է, այլ հիշողություն, որով անցյալն ու ներկան հանդիպում են առանց բառերի։ Այս երգը շատերի համար վաղուց արդեն սոսկ երաժշտություն չէ։ Այն ասոցացվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրերի հետ, թախծի, լռության ու հոգու խռովքի հետ։ Սակայն երգը՝ Կոմիտասի գրառմամբ ու մշակմամբ, իրականում սիրային  է՝ գարնան, սիրո, սպասման ու քնքշանքի մասին։ Գարունն այստեղ պարզապես եղանակ լինելուց զատ դառնում է հոգեվիճակ ՝ զարթոնքի, ապրելու ու սիրելու խորհրդանիշ։Եվ հենց այս բազմաշերտության վրա էլ կառուցվում է մեր երգխոսությունը։Կոմիտասագետ  Տաթևիկ Շախկուլյանը բացահայտում է, թե  ինչպես է Կոմիտասը այս երգով  միավորել իր հոգևոր և գիտական որոնումները։ Երգի ժամանակակից կատարումներն արդեն վաղուց դուրս են եկել ակադեմիական սահմաններից։ Արթուր Աթայանը՝ Ցայգ խմբի ղեկավարը, պատմում է՝ ինչու որոշեցին երգին հաղորդել նոր շունչ, ինչու չեն վախեցել էլեկտրոնային ու ռոք տարրերից, ու ինչպես են պահել երգի ամբողջական մեղեդին՝ չխախտելով դրա էությունը։ Իսկ Հայկ Դարբինյանի պատմությունը բոլորովին այլ է։ Նա պրոֆեսիոնալ երգիչ չէ, և հենց այդ պատճառով էլ նրա կատարումը զարմանալի անկեղծություն է կրում։ Նրա համար «Գարուն ա»‐ն կապված է անձնական հուշերի, սիրո,ներքին խաղաղության հետ։ Ու այս զրույցը՝ Տաթևիկի, Արթուրի ու Հայկի հետ,ևս մեկ անգամ կհամոզի բոլորիս, որ «Գարուն ա»‐ն երբեք նույնը չէ։ Ամեն անգամ այն ուրիշ գարուն է, ուրիշ սեր, ուրիշ հույզ։ 
View more comments
View All Notifications